Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Շաբաթ՝ 26 յուլիսի երեկոյեան Հայաստանի սահմանային գօտու Մովսէս, ներքին Կարմիր Աղբիւր եւ Այգեպար գիւղերի բնակիչներն աւելի քան 6 ժամ անց են կացրել նկուղներում` ադրբեջանական կողմից արձակւած կրակոցների վտանգի տակ:

Զոհեր չկան, սակայն գիւղերը նիւթական վնասներ են կրել:

«Թշնամին կրակ է բացել տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից: Միայն մեր պատասխանից յետոյ դադարեցրել է կրակոցը: Իրենց կողմից չեմ կարող ասել, եթէ որեւէ բան կայ, ապա ամբողջ պատասխանատւութիւնը իրենք են կրում, որովհետեւ իրենք են եղել յարձակման նախաձեռնողները»,- «Ազատութիւն» ձայնասփիւռի կայանին ասել է Հայաստանի հանրապետութեան Պաշտպանութեան նախարարի մամլոյ բանբեր Արծրուն Յովհաննիսեանը:

Մեկնաբանելով վերջին շրջանում զինադադարի խախտումները` Յովհաննիսեանը նրանց համար մի քանի պատճառ նշեց` բերքահաւաքի շրջանից մինչեւ ներքին եւ արտաքին քաղաքականութիւն:

Հայաստանի Պաշտպանական նախարարութիւնը Ադրբեջանին դիմում է` յայտարարելով, որ ամէն մէկ խախտումի պարագային հայկական կողմը կը պատասխանի հակահարւածով: «Որքան փորձեն սադրել եւ խախտել, այնքան պատասխանատուութիւնը իրենց վրայ է մնում, կորուստների եւ վնասւածքների համար նոյնպէս պատասխանատւութիւն են կրում. թէ՛ իրենց, թէ՛ մեր: Մենք անպատիժ ոչինչ չենք թողնի»,- ասել է Յովհաննիսեանը: